Սուսաննա Շահնազարյան
Հին հումոր կա Խոտ գյուղի բնակաիչների մասին. եթե օրվա մեջ խոտցին դրսից ոչինչ տուն չի բերում, ինչ-որ իր մի սենյակից մյուսն է տեղափոխում: «Մհեկ էն գյուղան պան չի մնացալ, գործի տեղ չկա, քանի կար, ջահել տղամարդիկ էին Ռուսաստանի ճընապան փըռնում, մհեկ ալ կնանիքն են սկսալ, կանչում են, տանում, վեր ռուսների հետի ճաշ էփեն, լավաշ թխեն: Այ քեզ ղեկավար, տեսնո՞ւմ ես, Պուտինը հայերին հետի հինչ ա անում, հափռին մեջին յուղուծու ա անում, վեր հայերը լավ ապրեն Ռուսաստանում»,- ասում է Վանիկ Ստեփանյանը, նկատի ունենալով այլազգիների համար ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին ՌԴ նախագահի ստորագրած օրենքը:
Նրա կարծիքը կիսում է նաեւ Միշա Հովսեփյանը, ասելով, որ իր կնոջն էլ են կանչել Ռուսաստանի բարեկամները, որ գնա մի ռեստորանում ճաշ եփի, բայց «պասպորտ չունի, զագրանի հետի ալ 25 հազար պետի տան»:Նախկինում Խոտ գյուղն իսկապես տարածաշրջանի հարուստ տնտեսություններից մեկն էր, մանավանդ գյուղի տարածքում կառուցված Գորիսի օդանավակայանի հետ մարդիկ մեծ հույսեր էին կապում, որ տնտեսությունն էլ ավելի կզարգանա: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնցից ամենակարեւորը ճանապարհների բարեկարգումն էր: Վերջինս, սակայն այսօր Խոտի ամենակարեւոր խնդիրն է համարվում, որն, ինչպես համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանն է նշում, համայնքի վերջին մի քանի քառամյա ծրագրերում «առաջին պատվավոր տեղն է զբաղեցնում»: